Իշխանությունից ո՞վ է, որ քննադատում է Կառավարության ծրագիրը. Է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը իշխանությունից որևէ մեկին չի ճանաչում, ով տորպեդահարում է Կառավարության ծրագիրը:
Tert.am –ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակն ասաց.«Իշխանությունն ամբողջությամբ համախմբված է Նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը, և Հովիկ Աբրահամյանն այս Կառավարությունն իր հոր տնից չի բերել, ոչ էլ՝ այս ծրագիրը: Սա մեր բոլորի ծրագիրն է, որը ներկայացնում է վարչապետը, և մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի վարչապետ Աբրահամյանը իր առաքելության մեջ հաջողի»:
Հիշեցնենք, որ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց. «Հասկանում եմ, որ իշխանության մեջ կա լրջագույն պայքար, որովհետև գիտենք, թե որտեղից են ֆինանսավորվում այդ «.am»-ներն ու թերթերը, և այդ ամենով հանդերձ հարց է ծագում՝ դուք Հանրապետակա՞ն իշխանության կառավարությունն եք, թե՞ ոչ, որովհետև այն հարձակումը, որն այսօր կա, խոսում է այն մասին, որ դուք խորթ զավակ եք, ձեզ չեն ուզում, չեն ցանկանում, որ հաջողության հասնեք»:










