Ստամբուլում ոստիկանությունն ուժ է կիրառել ցույցը ցրելու համար (լուսանկարներ)
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցույցերը ոստիկանության հետ բախումների են վերածվել։
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, ցույցերի ընթացքում գլխից ծանր վիրավորվել է ակցիայի մի մասնակից, որին տեղափոխել են հիվանդանոց։
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Օքմեյդանը հրապարակում մի քանի տասնյակ դիմակավոր ակտիվիստներ են հավաքվել՝ Մանիսա նահանգում զոհված հանքափորների հիշատակը հարգելու համար։
Ակցիան իշխանությունների հետ համաձայնեցված չի եղել, ինչի համար էլ հրապարակ են եկել ոստիկանության հատուկ ջոկատների ներկայացուցիչները։
Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրաշիթեր են օգտագործվել։ Դրան ի պատասխան ցուցարարներն սկսել են բարիկադներ սարքել և ոստիկանության ուղղությամբ քարեր և այրվող նյութեր նետել։
Հիշեցնենք, որ թուրքական ածխահանքերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 300-ից ավելի հանքափոր էր մահացել, ինչին հաջորդել էին երկրի տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաները։












