Սուքիաս Ավետիսյանը հորդորում է Հեղինե Բիշարյանին՝ փաստերով խոսել

20:16 • 22.05.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը հորդորում է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին՝ ասել, թե ով է կոնկրետ սպառնացել նույն խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանին և հորդորել դուրս գալ խմբակցությունից ու որպես գործարար պատգամավոր կողմ քվեարկել Կառավարության ծրագրին։



«Անունով չի նշել, նա ընդհանուր հայտարարություն է անում։ Կարծում եմ՝ ընդհանուր հայտարարություն պետք չէ անել, եթե կա փաստ, թող բարի լինի՝ կոնկրետ փաստի հետ կապված համապատասխան հայտարարություն անի համապատասխան կառույցներին: Ես գտնում եմ, որ սխալ է, որ այստեղ նման ընդհանուր հայտարարություններ են արվում»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա:

 


Նշենք, որ Կարեն Բոթոյանը Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ասաց, որ դուրս է գալիս «Օրինաց երկիր» խմբակցությունից ու կողմ քվեարկեց Կառավարության ծրագրին:



Հիշեցնենք, որ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ Կարեն Բոթոյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին, քանի, որ որպես գործարար պատգամավոր՝ չի կարող կողմ չքվեարկել Կառավարության ծրագրին: ՕԵԿ խմբակցության ղեկավարն այնուհետև դիմելով վարչապետին ու ֆինանսների նախարարին՝ ասել էր, որ գործարար պատգամավորներն անում են այնպես, ինչպես իրենց է պետք և հավելեց, թե Կառավարությունն այս օրերին այստեղ թատրոն էր ցույց տալիս:

 



«Մեր գործընկերոջ դիմումը հարգել ենք և համագործակցության մասին ազնիվ, թափանցիկ աշխատելու ճիշտ պահվածքի մասին ավելորդ է Կառավարության հետ խոսել»,-ասել էր «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը: