Սիրիական բանակը կասեցրել է Հալեպի բանտի՝ 13 ամիս տևած պաշարումը

13:28 • 22.05.14

Սիրիական բանակի զինվորները վերջ են դրել Հալեպի կենտրոնական մասում տեղակայված բանտի պաշարմանը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

««Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման և իսլամիստ զինյալների կողմից բանտի 13 ամիս տևած շրջափակումն ավարտվել է կառավարական զորքի և ռեժիմին հավատարիմ ուժերի ջանքերով»,-հաղորդել է Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչ Ռամի Աբդել Ռահմանը։

 

«Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման անդամները, որոնց փորձագետները հաճախ անվանում են «Ալ Կաիդայի» սիրիական ստորաբաժանում, երկար ժամանակ փորձում էին գրավել Հալեպի բանտը՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար, որոնք, համաձայն պնդումների, սարսափելի պայմաններում են պահվում։


«Կառավարական բանակն ու Սիրիայի ազգային պաշտպանության ուժերը, նաև «Հըզբալլա» խմբավորման անդամները պայքար են մղում ջիհադականների դեմ Շեյխ Նաջար շրջանում, որը Հալեպի բանտից 1 կմ հեռավորության վրա է գտնվում»,-ասել է Ռամի Աբդել Ռահմանը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերը վերահսկողություն են հաստատել դեպի բանտ տանող ճանապարհին։

Բանտի պաշարման ավարտը, սիրիացի զինվորականների խոսքերով, ռազմավարական հաղթանակ էր լինելու իրենց համար։

 

Հալեպում արդեն մի քանի ամիս է՝ բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և հակամարտող խմբերի միջև։ Սիրիայում հակամարտությունն սկսվել է 2011թ.-ի մարտին, և մինչ այժմ զոհվել է ավելի քան 150.000 մարդ։