Ուկրաինան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել
Պաշտոնական Կիևը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ամենասեղմ ժամկետներում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է ZN.UA-ն։
«Մենք ապացույցներ կներկայացնենք, որ հենց ռուսական կողմից են իրականացվում կոնֆլիկտի սրման, արյունահեղության, ուկրաինական սահմանակետերի գրավման և նախագահական ընտրությունները տապապելու փորձերը»,- ասել է նա լրագրողներին:
Յացենյուկի խոսքով՝ ուկրաինացի իրավապահներն անհերքելի ապացույցներ ունեն, որ Ուկրաինայում գործող զինված խմբավորումների անդամները պատրաստություն են անցնում Ռուսաստանի տարածքում։
Ուկրաինայի վարչապետը նշել է նաև, որ ուկրաինական սահմաններից զորքերը հեռացնելու մասին ՌԴ-ի հայտարարությունները բլեֆ են, քանի որ եթե անգամ զորքերը հեռանում են, ապա ռուսական իշխանությունների անմիջական նպաստով տեղի են ունենում Ուկրաինայի պետական սահմանի ճեղքումներ զինված ահաբեկիչների կողմից, որոնց պատրաստում են Ռուսաստանում։










