Դոնեցկի Վոլնովախա քաղաքում ռուսամետների և զինծառայողների միջև մարտեր են ընթացել. զոհվել է 8 զինծառայող
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Վոլնովախա քաղաքի մոտ գիշերը ռուսամետ ակտիվիստների և ուկրաինացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
«Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկի տեղեկություններով՝ մահացել է 8 զինծառայող, 18 հոգի վիրավորվել է:
Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31 հոգի, գրում է censor.net.ua-ն: Այդ տվյալները հաստատել է նաև շրջանային վարչակազմի առողջապահության բաժինը:
Մարտերի փաստը հաստատել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում: Հաղորդվում է, որ անջատողականները հարձակվել են Վոլնովախայի մոտ գտնվող ուկրաինական զինծառայողների անցակետի վրա և ինքնաձիգներից, ձեռքի հակատանկային նռնակներից և ականանետներից կրակ բացել: Ռումբերից մեկն ընկել է ռազմական մեքենայի վրա, ինչի արդյունքում այն պայթել է: Կան զոհեր և վիրավորներ, ասված է նախարարության հաղորդագրությունում:
Այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները պնդում են, որ Վոլնովախայում զինվորականներն ուժային գործողություն են անցկացրել, որի ընթացքում վիրավորվել են տասնյակ մարդիկ: Անջատողականներից 25 մարդ վիրավորվել է, կան վիրավորներ նաև խաղաղ բնակչության շրջանում։










