Ցանկացած ցինզիմ դատապարտելի է. Ալիկ Սարգսյանը՝ Վերնիսաժի միջադեպի մասին
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Վերնիսաժում հնչած կրակոցների մասին՝ հորդորեց դեպքի մասին մեկնաբանություն տվողներին մի պահ իրենց պատկերացնել նման իրավիճակում:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե իր կարծիքով իրավապահ մարմինները ճիշտ ուղու վրա են, նախկին ոստիկանապետը պատասխանեց, թե այո՛, և կրկնեց, թե այն երկու երիտասարդները, որոնք այս պահին հիվանդանոցում են, նրանք ևս պատասխանատվության պետք է ենթարկվեն։
«Ով շատ կմեղադրի այդ տղային, ես ուղղակի կցանկանամ, որ մի անգամ հայտնվի նման վիճակում, սա անկեղծ չէ ... ցանկացած ցինիզմ դատապարտելի է, եթե Ոստիկանությունն այդ պահին ներկա լիներ, բնականաբար, տղան չէր հասնի այդ վիճակը, բայց չի ստացվել ... և տղան զենքն է գործի դրել»,-նշեց նա։
«Ես ուզում եմ դիմել ցանկացած հայ տղամարդու, եթե քեզ ամենավերջին հայհոյանքները տան, եթե երեխադ վախից նույնիսկ չկարողանա խոսել, հարգե՛լի հայ մարդ, դու ո՞նց կվարվեիր, ինչո՞վ ես վստահ, որ կիջնեիր ու ձեռնակռվով կավարտեիր։ Կարող է մարդը ֆիզիկապես թույլ է, չի կարող մկանները լցրած մարդու հետ կռվել, ես հեռու եմ այդ մտքից»:
Հիշեցնենք, որ վիճաբանությունից հետո կրակոցներ էր արձակել ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, ով հաջորդ օրը ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Լրագրողների դիտարկմանը, թե նախկին ոստիկանապետը որտեղից է այդքան ինֆորմացիայի տիրապետում դեպքի մանրամասների մասին, Սարգսյանը պատմեց, որ ականատեսներից է իմացել։
«Ես հետաքրքրվել եմ, տեղում մարդիկ են եղել, ինքս հարցրել եմ. դա լի է եղել ընդգծված ցինիզմով, որը ստորացրել է մարդուն իր կնոջ ու երեխայի մոտ: Հայ մարդուն նման վիճակի հասցնելը լի է կենտրոնախույս, էքսցենտրիկ արարքներով, որն այդ տղայի մոտ դրսևորվել է կրակոցներով: Ես իրեն մեղադրում եմ, օրենքն էլ կպատժի. շատ վատ բան է տեղի ունեցել, անմեղ մարդիկ են տուժել»,- ասաց նա։
Լրագրողներն էլ կոչ արեցին հենց նախկին ոստիկանապետին իրեն պատկերացնել այդ իրավիճակում և հարց ուղղեցին` եթե ինքը լիներ, ինքն էլ կկրակե՞ր. «Ես չեմ ուզում պատասխանել, թե ոնց կվարվեի, եթե իմանայի, որ առանց զենք կիրառելու այդ երկուսի հարցերը կլուծեի` այդպես կվարվեի, իսկ եթե իմանայի, որ ֆիզիկականս չի ների, ինչի մասին է խոսքը` կգործադրեի, իմ օրինական զենքը գործի կդնեի, բայց հո բոլոր մարդիկ չունեն այդ հնարավորությունը»,-ասաց նա:










