Մենք ունենք քաղաքական կամք՝ կատարելու ժողովրդի առաջ մեր հանձնառությունը. Հովիկ Աբրահամյան
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի հանձնառություն և քաղաքական կամք՝ անելու այն, ինչ ակնկալում է ժողովուրդը: Այս մասին ՀՀԿ 15 –րդ համագումարում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ՀՀԿ 15-րդ համագումարը հրավիրվել է երկրի ու կուսակցության համար կարևոր ու պատասխանատու ժամանակահատվածում:
«Ինձ համար՝ որպես կուսակցության փոխնախագահի, սա կրկնակի պատասխանատվության ժամանակաշրջան է, քանի որ ինձ վերջերս վստահվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարումը»,- հայտարարեց վարչապետ՝ նշելով, որ ՀՀԿ-ն հաղթել է խորհրդարանական և նախագահական ընտրություններում:
«Մեր ժողովուրդը հավանություն է տվել մեր կուսակցության ծրագրերին և դրա անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստումներին: Այս խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը: Դրանց մի մասը կյանքի է կոչվել, բայց հիմնական մասով դեռ անելիքներ կան: Մենք ունենք հանձնառություն և քաղաքական կամք՝ անելու այն, ինչ ակնկալում է մեր ժողովուրդը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Հանրապետականի հաջողության բանալին. թերևս, մարդկանց վստահելու, մարտահրավերներն ու հնարավորությունները սթափ գնահատվելու հնարավորությունն է: Հանրապետականը կարողացել է զգալ այն պահերը, երբ երկրի անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ է եղել կայացնել համարձակ որոշումներ, այդ որոշումները կայացվել են այն մադկանց միջոցով, ովքեր երազել գիտեն, ովքեր գնահատելով անցյալը՝ ավելի լավ են պատկերացնում ապագան»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ ՀՀԿ-ում շատ են այն մարդիկ, որոնք գիտեն արյան ու քրտինքի ամեն կաթիլի գինը, մարդիկ, ովքեր հանուն ապագայի պատրաստ են պաշտպանել ներկան:
Հովիկ Աբրահամյանը նաև ասաց, որ Հանրապետականի անցյալի և ապագայի հաջողությունների բանաձևը գաղափարակական ամուր հենքի և գործնական ճկունության զուգորդման ու փոխլրացման մեջ է:










