Ռուսաստանը փրկեց ողջ Մերձավոր Արևելքը՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը. Ասադ

12:59 • 24.05.14

Արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ Ռուսաստանը փրկեց ոչ միայն Սիրիան, այլև ողջ Մերձավոր Արևելքը՝ պահպանելով կայունությունն աշխարհում։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ Դամասկոսում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպումից հետո։

 

«Ռուսաստանն արդեն 4-րդ անգամ վետո կիրառելով ՄԱԿ-ի բանաձևերի վրա՝ փրկեց ոչ միայն Սիրիան, այլև ողջ Մերձավոր Արևելքը՝ պահպանելով կայունությունն ու կասեցնելով Արևմուտքի գերիշխանությունը։ Դրանում մեծ է Պուտինի վաստակը։ Նրան հաջողվեց վերադարձնել Ռուսաստանի դերն աշխարհում, սակայն այն այժմ ավելի կարևոր տեղ ունի, քան ժամանակին Խորհրդային միությունն էր»,- հայտարարել է Ասադը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը հինգշաբթի վետո էին դրել ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիայի հարցով բանաձևի վրա, որով առաջարկվում էր «սիրիական թղթապանակը» հանձնել միջազգային քրեական դատարան։

 

Բանաձևի նախաձեռնողը Ֆրանսիան էր։ ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ այդ փաստաթուղթն ընդամենը նախաբանը կդառնար Սիրիայում արտաքին միջամտություն իրականացնելու համար։