Ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգությունը Բրազիլիային արժեցել է մոտ 1 մլրդ դոլար
Բրազիլիան 1,9 միլիարդ ռեալ (մոտ 0,9 միլիարդ դոլար) է ուղղել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության ապահովմանը, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սելսու Ամորիմը, գրում է kommersant.ru-ն:
Աշխարհի առաջնությունն ընթանալու է հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայի 12 քաղաքներում՝ Ռիո դե Ժանեյրո, Ռեսիֆի, Սալվադոր, Սան-Պաուլու, Պորտու-Ալեգրի, Մանաուս, Ֆորտալեզա, Նատալ, Բելու-Օրիզոնտի, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա:
«Բրազիլիան հիանալիորեն պատրաստվել է, որպեսզի ապահովի իր քաղաքացիների և արտասահմանցի զբոսաշրջիկների անվտանգությունը, որոնք կժամանեն երկիր՝ առաջնության խաղերը դիտելու»,- ասել է Ամորիմը: Ընդհանուր առմամբ, խաղերի ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումներին կներգրավվի ուժային տարբեր կառույցների 157 հազար մարտիկ։
Մայիսի կեսին Բրազիլիայի իշխանությունները լայնամասշտաբ գործողություն են սկսել երկրի սահմաններին՝ ուղղված անվտանգության ապահովմանը։ «Ագատ-8» գործողությունն ընդգրկում է Բրազիլիայի 16,9 հազար կիլոմետր երկարությամբ սահմանը:










