Կալիֆոռնիայի համալսարանի մոտ կրակոցներ են հնչել. սպանվել է 4 մարդ
Չորս մարդ է մահացել, ևս յոթը վնասվածքներ ստացել Սանտա Բարբարայում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի մոտ հնչած կրակոցների հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել լույս մայիսի 24-ին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով KEYT-TV հեռուստաալիքին։
Անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել մարդկանց խմբի ուղղությամբ Այլա Վիստա շրջանում։ Մի քանի փամփուշտ դիպել է խանութի ցուցափեղկին և կոտրել ապակին։ Հարձակվողներից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ սպանվել ոստիկանության կողմից: Այժմ դեպքի վայրում հետաքննություն է ընթանում:
Տեղի իշխանությունները խնդրել են շրջանի բնակիչներին դուրս չգալ տներից:
«Մենք չենք կարող հաստատել, որ փողոցում գտնվելն այժմ անվտանգ է: Եթե դուք գտնվում եք Այլա Վիստայում, խնդրում ենք, մնացեք ձեր տներում: Հնարավորինս խուսափեք այստեղ այցերից»,- ասել է ոստիկանական բաժանմունքի մամուլի քարտուղար Քելի Հուվերը։
Նրա խոսքով՝ հետաքննությանը միանալու են ողջ երկրից քննիչներ: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը։










