ՀՀԿ-ականները շատ խնդիրներ ունեն, որոնք կապված են ժողովրդի ցանկություններն իրագործելու հետ. Գալուստ Սահակյան

14:18 • 24.05.14

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարից առաջ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե «Հանրապետական» խմբակցությունը ԱԺ-ում խնդիրներ ունի օրինագծեր անցկացնելու հարցում, քանի որ մենակ է մնացել, պատասխանեց, թե ՀՀԿ-ականները շատ ու շատ խնդիրներ ունեն, բայց ոչ այդ հարցում։


«ՀՀԿ-ականները շատ ու շատ խնդիրներ ունեն, որոնք կապված են ժողովրդի ցանկություններն ու մոտեցումները իրագործելու հետ: Այս է միայն ՀՀԿ-ի խնդիրը»,- նշեց նա։


Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի խնդիրը չէ, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ իշխող մեծամասնությունը չէր կարողանում քվորում ապահովել, ու դրա համար խորհրդարան էր բերել նաև խմած պատգամավորների, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչինչ էլ որ չլինի մի բան պետք է գտնել ասել. դրան էլ ենք պատրաստ: Մենք շատ հաստատակամ ենք գնում, գիտակցում ենք, որ եթե մեծ բեռ ես ստանում, մեծ հարվածներ ես ստանում, բայց մենք իրավունք չունենք հակադարձելու, միշտ պետք է առաջ գնանք»:


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ խորհրդարանական քառյակը չմասնակցեց երկրի կարևորագույն փաստաթղթի քվեարկությանը, որովհետև «չէ» ասելու խնդիր ունի:


«Նրանք չէ ասելու մոտեցումներ են ձևավորել, փորձում են հաղթահարել այն, ինչ կարելի է ավելի լավ օգտագործել՝ համագործակցությունը, որը կավելացնի կշիռը: Նրանց բոյկոտել-չբոյկոտելը կապված է հենց իրենց հեղինակության հետ, որովհետև գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել: Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու խնդիր ունեն՝ առաջիկայում համալրելու իրենց շարքերը, և սա է պատճառը, որ փորձում են իրենց «դեմ»-ն արտահայտել ընդհանրապես իշխանությանը»,- նշեց ԱԺ նախագահը:


Հարցին, որ եթե նոր կառավարությունը խոստացված հինգ տոկոսանոց տնտեսական աճը չապահովի, ի՞նչ է սպասվելու գործադիր մարմին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մեր նշաձողը սա է, ու պետք է փորձենք իրագործել: Նայած, թե ինչպիսի պայմաններում չի իրագործվի, բայց բնական է, որ եթե չիրագործվի, դա թերություն է: Բայց ես կարծում եմ, որ հնարավորություններ կան, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ոչ միայն հինգ տոկոս ապահովել: Այսօր հասարակությունը ոչ հինգ տոկոսին է հավատում, ոչ մեզ է հավատում, ոչ ընդդիմությանը, ոչ իր բարեկամին, հարազատին, սա է ամենամեծ ցավը, ու ես կարծում եմ, որ պետք է ոչ թե անընդհատ շեշտել հինգ տոկոսը, այլ միջավայր ստեղծել, որ մարդիկ ավելի հաճելի, ավելի բարեհաճ կերպով ապրեն»:


Հարցին, թե արդյոք ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվել, որ նա կողմ քվեարկի կառավարության ծրագրին, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Ոչ, ոչ... Դուք պիտի մտածեք, որ մեկ պատգամավորը... չեմ կարծում, որ խնդիր է լուծում: Առավել ևս մենք թիմային համագործակցություն ենք ունեցել ու դա արել ենք շատ նպատակով, շատ վստահ: Անկախ նրանից՝ կոալիցիա ստեղծվե՞ց, թե՞ չստեղծվեց, մենք այն կարծիքին ենք, որ հնարավորություններ պետք է տանք, որ մյուս կուսակցությունները ևս կարողանան իրենց արարման ճանապարհն անցնել»: