Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել միլիարդատիրոջ՝ բանկային խարդախությունների համար

11:13 • 24.05.14

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել միլիարդատեր Մահաֆարիդ Ամիրա Խոսրավիին, ով նաև հայտնի է որպես Ամիր Մանսուր Արիա։

 

Նրան մահապատժի են ենթարկել 2,6 միլիարդ դոլարի բանկային խարդախությունների գործով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին, որն էլ վկայակոչում է երկրի պետական հեռուստատեսությանը:

 

Գործարարի նկատմամբ դատավճիռն իրականացվել է Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում: Այդ գործով են անցնում ևս երեք մեղադրյալ, որոնց նույնպես մահապատիժ է սպառնում։

 

Նրանց ներկայացված մեղադրանքները ներառում են փաստաթղթերի կեղծում Իրանի ամենախոշոր բանկերից մեկում՝ վարկ ստանալու նպատակով, որպեսզի այդ փողերով ձեռք բերվեն ակտիվներ, այդ թվում՝ կարևորագույն պետական ընկերությունների։