Ժիրայր Սեֆիլյանին սպառնում են արտաքսել Հայաստանից. Նախախորհրդարան

12:58 • 24.05.14

Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սեֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել, այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունից:


Նրա խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից:


Ընդ որում՝ բարձրաստիճան սպան բաց տեքստով նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու վերաբերյալ այս սպառնալիքի հրապարակայնացումը որևէ կերպ չի կասեցնի դրա իրագործումը:


«Այս երևույթը շատ խորը արմատներ ու պատճառներ ունի, սակայն Նախախորհրդարանը դրանց կանդրադառնա հետագայում՝ ըստ անհրաժեշտության:


Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանից արտաքսելու մտադրության պատճառը ոչ թե Քեսաբի ազատագրման հարցում նրա ենթադրյալ կազմակերպական միջամտությունն է, այլ ռեժիմին հեռացնելուն ուղղված նրա գործողությունները:


Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ անկախ ամեն ինչից՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեր ժողովուրդը դիմավորելու է առանց ռեժիմի՝ ազգային պետության տանիքի ներքո:


Ժամանակի հետհաշվարկն սկսված է: Ռեժիմին մնացել է ոչ ավել, քան 48 շաբաթ»,– ասվում է հաղորդագրությունում: