ՄԻԱՎ վարակով խոցելի խմբերը Հայաստանում հիմնականում տղամարդիկ են. մասնագետ

21:15 • 24.05.14

Հայաստանում ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1206 մարդ (70%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է 524 դեպք (30%):

 


Tert.am-ի հարցին, թե ինչով է դա պայմանավորված, «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը պատասխանեց, որ դա բացատրվում է այն հանգամանքով, որ մինչև 6-7 տարի սրանից առաջ ՄԻԱՎ վարակը հիմնականում բացահայտվում էր թմրամիջոց օգտագործողների մոտ, որոնք մեր հասարակությունում հիմնականում տղամարդիկ են:

 


«Վերջին 6 տարիների ընթացքում միտումը փոխվել է, ավելի շատ դեպքեր են գրանցվում արտագնա աշխատողների՝ միգրանտների շրջանում, որը մեր երկրում ամենամեծ խոցելի խումբն է: Իսկ արտագնա աշխատողների մեծամասնությունը Հայաստանում տղամարդիկ են, դա է պատճառը, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների թվում գերակշռողը տղամարդիկ են»,-ասաց Հովհաննես Մադոյանը՝ շարունակելով, որ կանայք հիմնականում ՄԻԱՎ վարակակիր տղամարդու սեռական զուգընկերներն են. «Մեծ մասամբ՝ նրանց կանայք են, այսինքն՝ երկու խոցելի խմբերն էլ մեր երկրում տղամարդիկ են»: