Եվրախորհրդարանի ընտրությունները հատկապես կարևոր են Պուտինի համար. The Washington Post
Եվրախորհրդարանի ներկայիս ընտրությունները մեծ ազդեցություն կունենան Եվրամիության ներքին և արտաքին քաղաքականության վրա, կարծում է The Washington Post-ի լոնդոնյան գրասենյակի ղեկավար Գրիֆ Վիտեն, գրում է ria.ru-ն:
Ներկայիս ընտրություններում հիմնական պայքարը ծավալվում է կենտրոնամետ և ծայրահեղական կուսակցությունների միջև: Ընդ որում՝ ծայրահեղականները միավորներ են հավաքում եվրոպական տնտեսության շարունակվող լճացման պայմաններում, կարծում է լրագրողը:
Քաղաքական կուսակցությունները, որոնք հաջողության կհասնեն եվրոպական ընտրություններում, հավելյալ ազդեցություն կստանան իրենց սեփական պետությունների ներքին քաղաքականության վրա: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա հաղթանակի դեպքում ծայրահեղական կուսակցությունների ներկայացուցիչները կարող են ուկրաինական ճգնաժամը դարձնել խորհրդարանում ամենագլխավոր հարցերից մեկը:
Ինչպես ծայրահեղ աջերը, այնպես էլ ծայրահեղ ձախերը հիանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով, որի մեջ տեսնում են «ավանդական հայացքներով ալֆա-արուի», որն ինքը Եվրոպան չունի, գրում է Գրիֆ Վիտեն: Այդ պատճառով, նրա խոսքով, ոչ ոք Եվրամիությունից դուրս չի հետևում ընտրություններին այնպիսի համակ ուշադրությամբ, ինչպես Ռուսաստանի նախագահը:
Ի վերջո, լրագրողը նշում է, որ Եվրոպայում «մշակութային պատերազմ» է ընթանում լիբերալների և պահպանողականների միջև: Եթե «Եվրատեսիլ-2014»-ում Կոնչիտա Վուրստի հաղթանակն առաջինների հաղթարշավն էր, ապա Եվրախորհրդարանում ընտրությունները կարող են դառնալ վերջիններիս ռևանշը։










