ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում արգելել են հակամանրէային օճառի օգտագործումն ու վաճառքը

13:07 • 24.05.14

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի իշխանություններն ամբողջությամբ արգելել են իրենց տարածքում հակամանրէային տրիկլոզան ախտահանիչ նյութը պարունակող արտադրանքների արտադրությունն ու վաճառքը։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, համապատասխան օրենքն արդեն ստորագրել է Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթոնը։ Հայտնի է, որ օրենքը շրջանառության մեջ կդրվի 2017թ. հունվարի 1-ից։

 

Նշվում է, որ տրիկլոզանը ներառված է ԱՄՆ-ի տարածքում վաճառվող հիգիենայի պարագաների 75%-ում՝ օճառից մինչև թաց անձեռոցիկներ ու ատամի մածուկ։ Սակայն վերջին ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ տրիկլոզան ախտահանող նյութը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա։

 

Մասնավորապես, պարզվել է, որ տրիկլոզանը վնասում է վերարտադրողական համակարգը, նվազեցնում է սերմնահեղուկի որակը, խախտում է սեռական և վահանաձև գեղձի հորմոնների արտադրության գործընթացը։