Պյոտր Պորոշենկոն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն

23:23 • 25.05.14

Ուկրաինայի նախագահական պայքարում, ըստ exit-poll-ի առավելագույն ձայներ ստացած թեկնածու Պյոտր Պորոշենկոն կողմ է արտահայտվել 2014-ին Գերագույն ռադայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: INTERFAX-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ նախագահի թեկնածուն հանդես է եկել կիրակի իր ընտրական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Երբ խորհրդրանական ճգնաժամ է առկա, ապա այդ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը ընտրություններն են: Նախագահական ընտրություններով մենք ցույց տվեցինք, որ խորհրդարանական ընտրությունները ևս պետք է այս տարի տեղի ունենան»,-հայտարարել է Պորոշենկոն:

Նա ընդգծել է, որ փետրվարի կեսերից սկսած` Ուկրաինայի քաղաքացիներն ապրում են նոր երկրում: Նրա խոսքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատճառներից մեկը խորհրդարանում կոալիցիայի բացակայությունն է:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների ավարտին անցկացված exit-poll-ի արդյունքում հաղթում է Պյոտր Պորոշենկոն` ձայների 55 տոկոսով: