Կարմիր գծերի ու արագաչափերի տուգանքների դեմ բողոքի ավտոերթ Երևանում

18:00 • 25.05.14

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը մոտ 200 վարորդների հետ այսօր ավտոերթով բողոքի ակցիա է իրականացրել Երևանի փողոցներով՝ պահանջելով վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի անդամ նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը և ընդգծեց, որ նմանատիպ նախաձեռնությունները պարբերական բնույթ են կրելու, մինչև որ հարցը լուծում ստանա:

«Մենք մեր խնդիրներն ենք այսպիսով բարձրացնում, քանի որ այսպես այլևս չի կարող շարունակվել: Իմաստ չկար այսօր որևէ կառույցի մոտով անցնել կամ որևէ նամակ-դիմում հանձնել: Մեզ համար միևնույնն է թե խնդիրը ով կլուծի, կարևոր է ուղղակի, որ լուծվի»,-ասաց նա:

Վարդան Հակոբյանը նշեց, որ ճանապարհին խոչընդոտներ չեն եղել, պարզապես ոստիկանությունը «Հանրապետության» հրապարակում կանգնեցրել է իրենց մեքենաներից մեկին, բայց մեքենաների հիմնական մասը շարունակել է երթը ու հասել վերջնակետին՝ Էրեբունի:

Նշենք, որ մեքենաները երթը սկսել են Թբիլիսյան խճուղուց, անցել Կոմիտասի և Բաղրամյան պողոտաներով, Տիգրան Մեծ փողոցներով ու հասել Էրեբունի: