Ուկրաինայի նախագահական ընտրություններին ՀՀ ԿԸՀ-ից ու ԱԳՆ–ից ներկայացուցիչներ չկան
Երեկ Ուկրաինայում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում Հայաստանից դիտորդական կազմ չկա՝ ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ո՛չ էլ Արտաքին գործերի նախարարությունից: Այս մասին Tert.am–ին հայտնեցին ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը և Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Tert. am–ի հարցին, թե ինչու ԿԸՀ-ն դիտորդներ չի ուղարկել Ուկրաինա, Հերմինե Հարությունյանն ասաց. «Հայաստանի Կետրոնական ընտրական հանձնաժողով դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր չի եղել, և ԿԸՀ դիտորդական առաքելություն չի իրականացնում»:
Tert. am–-ի տեղեկություններով 2-3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից Ուկրաինա մեկնել են, այդ թվում՝ բլոգեր Տիգրան Քոչարյանը:
Վերջինս երեկ եղել է Դնեպրադերժինսկում և «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրել է, որ թեև ինքը Ուկրաինայում շրջում է ընտրատարածքներով, սակայն Հայաստանում գտնվողներից է իմանում, թե ով է հաղթել, որ փուլում, նույնիսկ քանի տոկոսով:
Հիշեցնենք, Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 25.39%-ի հաշվարկի արդյունքում նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն առաջատար է ձայների 54.14%-ով։










