Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական առափնյա պաշտպանության համակարգերով

11:44 • 26.05.14

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական «Бал-Э» առափնյա հրթիռային համակարգերով։


Այդ մասին «Коммерсантъ» թերթին պատմել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի տնօրեն Բորիս Օբնոսովը։
Նրա խոսքով՝ համակարգերի գնման համար կոնկրետ որոշում դեռ չի կայացվել։

 

Թերթի տվյալներով՝ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը հայտ է ներկայացրել՝ այդ համակարգերի ձեռքբերման նպատակով։

 

Խոսքը դեռևս «Бал-Э»-ի մեկ դիվիզիոնի մասին է։ Հրթիռային համակարգերի օգնությամբ Ադրբեջանը մտադիր է ամրապնդել Կասպիցի առափնյա պաշտպանությունը։

 

Թերթի՝ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ նախնական բանակցություններն արդեն կայացել են, և նախագահական հանձնաժողովը որոշել է ադրբեջանցի զինվորականներին թույլ տալ ձեռք բերել «Бал-Э» համակարգը։


Հայաստանի կողմից բացասական վերաբերմունք ռուսական իշխանությունները չեն սպասում, քանի որ «Бал-Э»-ն ծածկում է ծովային հատվածը, իսկ Հայաստանը դեպի Կասպից ելք չունի։


Համաձայնագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը կդառնա աշխարհում երրորդ պետությունը, որը նման համակարգ ունի։