Ակնաշենցի ծերունին ինքնահրկիզվելուց մոտ 20 օր առաջ հայտնել է, որ ուզում է կախվել կամ թույն խմել
Կիրակի օրը ինքնահրկիզմամբ իր կյանքին վերջ տված ակնաշենցի Լ.Գ- ն սոցիալական որևէ խնդիր չի ունեցել, գյուղի ամենահարուստ ընտանիքներից մեկի անդամ է եղել, որդին էլ դպրոցի ուսուցիչ է, սակայն ծերունին ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:
Այս մասին Tert.am –ին ասաց Ակնաշենի գյուղապետ Միսակ Միսակյանը, ով նաև ինքնասպանություն գործած ծերունու հարևանն է. մի քանի տուն այն կողմ է ապրում:
«82 տարեկան մարդ էր, էս վերջերս նիհարել, դարձել էր մի 40 կիլո, իրեն վերջ տվեց, էլի, հոգեկանը խանգարված, ու տենց առավոտը լուսաբացին ինքն իրեն հրկիզել է, ես շա՞տ գիտեմ, տեղերի մեջ իրեն տենց վառեց, մինչև հասան հիվանդանոց, ինքն էլ հյուծված մարդ էր, էլ չդիմացավ »,-ասաց գյուղապետը ու ավելացրեց, որ մոտ 20 օր առաջ ծերունին իր հետ զրույցում բողոքել է կյանքից:
«Ասում էր՝ ուզում եմ մեռնեմ, գնամ, տղուս խաթեր, տղայիս պատիվն է ուղղակի, թե չէ ինձ ուզում եմ վերջացնեմ, թույն խմեմ, կախեմ: Ես իրան՝ «ա´յ մարդ, վերջացրու, ի՞նչ ա եղել քեզ, պետք է , գնանք բուժման»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ նրա հիշողությունը ժամանակ առ ժամանակ կորչում-վերականգնվում էր:










