Աստանայում կքննարկվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցը
Մայիսի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ, որտեղ նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրում։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մայիսի 29-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միության ստեղծմամբ երեք պետությունները պարտավորություններ են ստանձնում ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության գլխավոր ճյուղերում՝ էներգետիկայում, արդյունաբերությունում, գյուղատնտեսւոթյունում, տրանսպորտում, նշված է հաղորդագրության մեջ:
Աստանայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ կապված պրակտիկ հարցերի քննարկում: Կողմերը կքննարկեն եվրասիական տնտեսական ինտեգրման անդամների կազմի հետագա ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին։










