Մարին Լը Պենը կոչ է արել Օլանդին ցրել Ազգային ժողովը
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ցրել Ազգային ժողովը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ էքզիթ-փոլերի արդյունքներով՝ նրա կուսակցությունը հաղթանակ է տանում Եվրախորհրդարանի ընտրություններում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նրա խոսքով՝ անընդունելի է, որ ժողովն ընդհանրապես դադարի ներկայացնել ֆրանսիացի քաղաքացիների շահերը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը «Ազգային ճակատի» ելույթը Եվրախորհրդարանի ընտրություններում անվանել է «երկրաշարժ»:
Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի տվյալների համաձայն՝ այդ կուսակցությունը 22-25 տեղ կստանա եվրոպական ընտրական մարմնի նոր կազմում՝ նախորդ քվեարկության արդյունքներով ստացած 3 տեղի համեմատ։
Եվրախորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն մայիսի 26-ին։










