Մայդանի գլխավոր խնդիրն իրականացված է, բարիկադները կհավաքվեն. Կլիչկո
Նախնական տվյալների համաձայն՝ Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Մայդանից բարիկադներն աստիճանաբար կհավաքեն, քանի որ դրանք կատարել են իրենց գործառույթը: Այդ մասին նա հայտարարել է այսօր Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ZN.UA-ն:
«Ես համոզված եմ, որ Մայդանի գլխավոր խնդիրն իրականացվել է: Այսօրվա դրությամբ մենք ազատվել ենք բռնապետից, իրականացրել ենք իշխանության լյուստրացիա… Ես համոզված եմ, որ մեր առջև եղած ամենակարևոր խնդիրներից մեկը չմոռանալն է այն մարդկանց, որոնք կանգնել են Մայդանում: Մեր երկրի ժողովրդավարական ապագայի համար պայքարում մահացածների հիշատակին հուշարձան ստեղծելու նախաձեռնությունը պետք է աջակցություն ստանա: Ես համոզված եմ, որ բարիկադներն այսօրվա դրությամբ կատարել են իրենց գործառույթը, և դրանք պետք է հավաքել»,- ասել է Կլիչկոն:
Նրա խոսքով՝ Կիևը պետք է աստիճանաբար վերադառնա բնականոն կյանքի, ինչն օրինակ կլինի նաև Ուկրաինայի մյուս շրջանների համար, որտեղ այժմ բարիկադներ են կառուցվում:
Կիևի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը դարձնել զոհերի հիշատակին նվիրված վայր, իսկ ամանորյա տոնածառը տեղադրել այլ վայրում:










