ԱՄՀ–ը քաղաքականացված է, Հայաստանը կարող է երկնիշ տնտեսական ցուցանիշ ունենալ. կարծիքներ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեությունը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը անբավարար է գնահատում, հետևաբար, Հայաստանի տնտեսության մասին այդ կառույցի տված գնահատականներին էլ չեզոք է վերաբերվում:
Tert.am-ի հետ զրույցում փորձագետն այս մասին ասաց՝ անդրադառնալով օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակված տեղեկությանը, համաձայն որի՝ ԱՄՀ-ի գնահատմամբ ՀՀ-ի իշխանություններն ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5% տնտեսական աճը, այլև տնտեսությունն ավելի քիչ կաճի, քան այս ապրիլին կանխատեսել է հիմնադրամը՝ 4.3%:
«Իմ ասածը այն չէ, որ իշխանությունն ապահովելու է այդ 5%-ը, բայց փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությունների տակ քաղաքական ենթատեքստ կա»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե ԱՄՀ-ի կանխատեսումներն իր համար վստահե՞լի չեն, նա նշեց, որ բոլոր միջազգային կազմակերպությունների գնահատականներին միշտ վերապահումով է վերաբերում մի պարզ պատճառով. «Դրանք գրեթե բոլորը քաղաքականացված են, իսկ այդ պարագայում չեն կարող օբյեկտիվ գնահատական տալ: Միայն այն, որ դա իրենք պայմանավորել են Ռուսաստանի գործոնով, ցույց է տալիս, որ այստեղից քաղաքականության հոտ է գալիս»,-ասաց նա:
Հարություն Մեսրոբյանը նաև նշեց, որ տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ ՀՀ-ն այդպես էլ չունեցավ զարգացման ծրագիր, որտեղ պարտադիր պետք է լինեին հետևյալ բաղադրիչները:
«Առաջին հերթին պետք է մատնանշվեին փուլերը, ամեն մի փուլից հետո պետք է տեր կանգնեին արձանագրված արդյունքներին, յուրաքանչյուր ոլորտը պետք է ունենար անձնական պատասխանատու: Այս կամ այն ոլորտում բացասական արդյունքներ տալու դեպքում պատասախանատու անձի կամ անձանց պատասխանատվության տեսակը և չափը պետք է սահմանվի»,-ասաց նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը իր կանխատեսումները վերանայել է բոլոր երկրների համար, ինչը պայմանավորված է համաշխարհային տնտեսության աճի միտումների կանխատեսմամբ՝ զարգացող ու զարգացած երկրներում տեղի ունեցող իրադարձություններով:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսագետը նշեց. «Այն թվերը, որ ՀՀ-ում ներկայացնում են՝ 5% կամ 4.5%, դրանք պարզապես խղճուկ են: Իրականում մենք հնարավորություն ունենք երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել: Եթե պատասխանատուներին կհետաքրքրի, ես պատրաստ եմ ներկայացնել այն ճանապարհը, որի միջոցով կարելի է արձանագրել երկնիշ թիվը:Այնպիսի տպավորություն է որ ավելի շատ խոսում են քան գործ են անում, դրա համար էլ այդ տեմպերն են: Ես սկսում եմ մտածել, որ լուրջ բանիմացության պակաս կա և դա է պատճառը, որ մենք ռեսուրսները չեն կարողանում արդյունավետ օգտագործել ու մսխում ենք»,-ասաց նա:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այդ վերլուծությունները կատարվում են միջազգային փորձագետների կողմից, ինչին ինքը հարգանքով է վերաբերում, սակայն, ըստ նրա յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները և պարտավոր է դրանք օգտագործել առավելագույնս:
«Հայաստանը ունի լուրջ ներուժ, որոնք ոչ միայն իրացված չեն, այլև դրանց մասին պատկերացումներ չունեն վերևներում: Նույնիսկ այն պարագայում, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսական աճը կլինի 0%, իսկ մեր կանխատեսմամբ՝ անկում, միևնույնն է Հայաստանը, փողկապակցված լինելով ռուսական տնտեսությանը, պետք է ձգտի դիվերսիֆիկացնել կապերը այլ երկրների հետ»,-ասաց նա՝ նշելով, որ ներկայումս Հայաստանը դոփում է տեղում:










