ԵԱՀԿ-ն ժողովրդավարական է ճանաչել Ուկրաինայի ընտրությունները
Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրությունները համապատասխանում են միջազգային պարտավորություններին, իսկ քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը եղել է թափանցիկ։ Այդ մասին ասված է այսօր ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում, գրում է news.liga.net-ը:
«Մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները բնորոշվել են ընտրողների բարձր մասնակցությամբ և իշխանությունների հստակ մտադրությամբ՝ անցկացնելու իրական ընտրություններ, որոնք ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային պարտավորություններին՝ պահպանելով երկրի մեծ մասում քաղաքացիների հիմնական ազատությունները»,- ասված է փաստաթղթում:
«Այդ ամենը տեղի է ունեցել՝ չնայած երկու արևելյան շրջաններում լարված իրավիճակին, ինչպես նաև զինված խմբավորումների կողմից երկրի այդ հատվածներում գործընթացը տապալելու փորձերին»,- նշել են ԵԱՀԿ-ում:
Հաղորդվում է, որ քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացները «եղել են թափանցիկ և ընդհանուր առմամբ համապատասխանել են սահմանված կարգերին»:
Նշենք, որ նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։










