Հռոմի պապն Իսրայելում համբուրել է Հոլոքոստը վերապրածների ձեռքերը (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իսրայել կատարած այցի շրջանակներում հարգել է Հոլոքոստի ժամանակ սպանված հրեաների հիշատակը՝ համբուրելով ցեղասպանությունը վերապրած 6 տարեց մարդու ձեռքերը։
Ինչպես նշում է The Huffinghton Post-ը, ուշագրավ դեպքը տեղի է ունեցել Իսրայելի Հոլոքոստի ազգային հուշահամալիրում։
Կաթոլիկ եկեղեցու հովվապետն աղոթել է զոհերի աճյունների մոխրով լի դամբարանի մոտ՝ դրա վրա դնելով դեղին, սպիտակ ծաղիկներ։
Համբուրելով Հոլոքոստը վերապրածների ձեռքերն ու լսելով նրանց սրտակեղեք պատմությունները նացիստների իրականացրած դաժանությունների մասին՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Տե՛ր իմ Աստված, նման բան թող էլ երբեք չպատահի։ Այստեղ մենք ականատես ենք, թե քո պատկերով ստեղծված մարդն ինչերի է ունակ»։
Աղբյուրը հավելում է, որ նախքան Իսրայել ժամանելը, Պապը դատապարտել է 6 մլն հրեաների սպանությունը։
















