Պորոշենկոն Յանուկովիչին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա և կանգնել դատարանի առաջ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն կոչ է արել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերադառնալ հայրենիք և կանգնել դատարանի առաջ, տեղեկացնում է unian.net-ը։
Այդպիսով Պորոշենկոն մեկնաբանել է Յանուկովիչի հայտարարությունը՝ Ուկրաինայում կայացած ընտրությունների վերաբերյալ։
«Ինձ Յանուկովիչի տեսակետը հետաքրքրում է միայն նրա՝ Ուկրաինա վերադառնալու և որպես ամբաստանյալ դատարանի առաջ կանգնելու տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ նա պետք է մեկնաբանի իր վերադարձի ժամկետները»,-ասել է գործարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, թե հարգում է ուկրաինացի ժողովրդի ընտրությունը երեկ երկրում կայացած նախագահական ընտրության ընթացքում, սակայն դրանց օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը։ Նա փետրվարին իշխանափոխությունից հետո փախել է Ռուսաստան։










