ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումը չի խախտում ուժերի հավասարակշռությունը սահմանին. Ս. Օհանյան
Յուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի, մասնավորապես տանկերի հերթական խմբաքանակի վաճառքը։
«Մենք այսօր, իհարկե, հասկանում ենք, որ ՌԴ-ն, լինելով մեզ համար որպես ռազմավարական գործընկեր, անկասկած առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական խնդիրներին։ Բայց, միևնույն ժամանակ, նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարել»,-նշեց նա։
Սեյրան Օհանյանը նկատեց, թե որպես ռազմական գերատեսչության ղեկավար, իհարկե, ինքը «դա լավ աչքերով նայել չի կարող», բայց, համենայն դեպս, տվյալ դեպքում իրավունք էլ չունի արգելել։
Հարցին, թե կարելի՞ է բնորոշել, որ ՌԴ-ն իր ռազմավարական գործընկերոջ թշնամու գերակայությունն է ապահովում, նախարարը նշեց, թե դա չի խաթարում հավասարակշռությանը սահմանների վրա։ «Ունենք ավելի բարձր մակարդակի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն, և դա չի խաթարում առաջին հերթին շփման գծում և մեր սահմանների վրա հավասարակշռության պահումը՝ պատրաստակամության շնորհիվ»,-նշեց նա։
Հարցին, թե սահմանին, կարելի՞ է ասել, որ լարված իրավիճակ է՝ հաշվի առնելով պարբերական միջադեպերը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ պետք է մենք հասկանանք, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն՝ լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ, նրա հետ անմիջական շփման մեջ գտնվելով, պարբերաբար լարված իրավիճակ լինում է»։
Նա նշեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հատվածում դիվերսիոն գործողության փորձ է եղել, բայց մեր դիրքապահները կանխել են։ «Խիստ կերպով պատժել են հակառակորդին, հակառակորդն ունեցել է կորուստներ և վիրավորներ ու հետ է շպրտվել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:
Հիշեցնենք նաև, որ այսօր հայտնի դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել։
Հարցին, որ միգուցե նման հաճախակի միջադեպերը հետևանք են այն բանի, որ Ադրբեջանն իր սպառազինությամբ առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, պաշտպանության նախարարը պատասխանեց, թե Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, բայց դա չի նշանակում, որ առավելություն ունի հայկական զինուժի նկատմամբ։
«Անկասկած հասկանալի է, որ Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են. այն մեր կողմից վերահսկվում է։ Սպառազինությունը հակառակորդի կողմից պարբերաբար գնվում, թարմացվում է, բայց մենք պետք է հասկանանք, որ բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով։ Այդ սպառազինությունը պետք է նախևառաջ յուրացնել, պահել, շահագործել, և նաև պետք են մարդիկ, որ կարող են պատշաճ կերպով այն սարքին պահել և նաև շահագործել։ Այդ առումով Պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ պաշտպանության բանակը ուժերի հավասարակշռությունը առանց որևիցե երրորդ ուժի պահպանում են, և ինքներդ եք դա տեսնում՝ մեր զինծառայողների որակական պատրաստվածության և մարտական ոգու հաշվին»,-նշեց նա։










