Յանուկովիչը հայտարարել է, թե հարգում է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը

13:18 • 26.05.14

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե հարգում է ուկրաինացի ժողովրդի ընտրությունը երեկ երկրում կայացած նախագահական ընտրության ընթացքում, սակայն դրանց օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։


«Տեղի ունեցան Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ։ Անկախ այն հանգամանքից, թե որ շրջանում բնակչության քանի տոկոսն էր եկել ընտրության, դուք ընտրություն արեցիք, և ես մեր հայրենիքի ամենադժվարին պահին արված ընտրությունը հարգում եմ»,- ասված է Յանուկովիչի հայտարարության մեջ։

 

Նա նշել է, որ ընտրության և հենց նախագահի լեգիտիմության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելյան շրջանների մասնակցությունը։

 

«Շատ ընտրողներ վիրավորվել, ստորացվել են անօրինական իշխանության կողմից, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման արդյունքում»,-ասել է Յանուկովիչը։

 

Նախնական տվյալների համաձայն՝ արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 53.86%-ը։