Apple-ն iPhone-ը կվերածի «խելացի» տան ունիվերսալ հեռակառավարման վահանակի
Apple ամերիկյան ընկերությունը iPhone-ը կվերածի «խելացի» տան ունիվերսալ հեռակառավարման վահանակի, հայտնում է Vesti-ն:
iOS 8 բջջային օպերացիոն համակարգում, որն Apple-ը հնարավոր է ներկայացնի հաջորդ շաբաթ, կհայտնվի տնային էլեկտրատեխնիկայի կառավարման միասնական կենտրոն: Այդ կերպ iPhone-ների և այլ i-սարքավորումների տերերն առանց լրացուցիչ հավելյալ ծրագրերի կկարողանան կարգավորել անվտանգության համակարգը «խելացի» տանը, կարգավորել լուսավորությունը Bluetooth-լամպերի միջոցով, առանց հեռակառավարման վահանակի միացնել օդորակիչը և այլն:
Ըստ Financial Times-ի՝ այդ պլատֆորմը համատեղելի կլինի նաև այլ արտադրողների «խելացի» տեխնիկայի հետ: Nest-ի, Dropcam-ի և Philips-ի պես արտադրողներին հարկավոր կլինի միայն Apple-ի թույլտվությունը ստանալ՝ դրա արտադրանքի հետ համատեղելի արտադրանք ներկայացնելու համար:
Կենցաղային սարքերի կառավարման համակարգը կներկառուցվի ոչ միայն iPhone-ում և iPad-ում, այլև Apple TV-ում։










