2014-2015 ուս. տարիների համար DAAD-ն կշնորհի ավելի քան 90 կրթաթոշակ
Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից հայ բուհավարտներին, ասպիրանտներին, գիտնականներին 2014-2015 ուս. տարիների համար կշնորհվի ավելի քան 90 կրթաթոշակ: Կրթաթոշակների շնորհման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր, որի ընթացքում կրթաթոշակակիրներին շնորհվեցին DAAD-ի վկայագրերը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: «Գերմանիայում կրթություն ստացողների թիվը գնալով ավելանում է, ինչպես նաև սերտանում է գերմանա-հայկական բուհական համագործակցությունը: Սերտ համագործակցության արդյունքում ծնվում են բազմաթիվ պրոյեկտներ, որոնք շարունակաբար նպաստում են ուսանողների, ասպիրանտների, գիտնականների փոխանակմանը, նոր գիտական ձեռքբերումների նվաճմանը»,-ասաց նա:
Վերջինս նաև խորհուրդ տվեց ուսանողներին օգտվել ընձեռված առիթից, որպեսզի կարողանան փոխանակվել գիտելիքներով, որոնք հետագայում կկիրառեն Հայաստանում:
Նշենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր ավելի քան 2200 հայաստանցի ֆինանսական օժանդակություն է ստացել DAAD-ից՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:










