Գերմանիայում կանաչ երշիկ են արտադրել
Վերին Բավարիայի խոհարարները երշիկի նոր տեսակ են ստեղծել՝ ավանդական սպիտակ բավարական երշիկի բաղադրության մեջ ճապոնական կանաչ թեյի փոշի ավելացնելով: Ինչպես հայտնում է Euromag-ը՝ երկու խոհարարի աշխատանքի արդյունքում կանաչ գույնի անսովոր երշիկ է ստացվել:
Խոհարար Վերներ Գրոպը Ճապոնիա այցելելուց հետո դարձել է կանաչ թեյի մոլի երկրպագու: Մի անգամ նա և Մարկուս Հինտերբերգերը որոշել են փորձել, թե ինչ կլինի, երբ ճապոնական փոշին ավելացնեն ավանդական բավարական բաղադրատոմսով պատրաստված մսի ֆարշի մեջ:
Կանաչ երշիկը գայթակղիչ դառը համ ունի և արդեն մեծ հանրաճանաչություն է վայելում: Մի շարք ԶԼՄ-ներում երշիկի մասին տեղեկության տարածումից հետո այն բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել, և պատվերներ են ստացվում ո՛չ միայն տեղի բնակիչներից, այլև՝ արտասահմանից՝ Շվեյցարիայից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից:
Սպիտակ երշիկը կամ վայսվուրստը (Weisswurst) ամենահայտնի գերմանական մսամթերքներից է ողջ աշխարհում: Այն պատրաստում են հորթի մսից և խոզի ճարպից:











