Ամերիկացի փորձագետները խորհուրդ են տալիս չվստահել Wikipedia հանրագիտարանին
Ամերիկացի փորձագետները համեմատել են Wikipedia-ի սրտային հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, դեպրեսիայի և շաքարային դիաբետի մասին հոդվածները գիտական հետազոտությունների հետ, որոնք հրապարակված են հեղինակավոր բժշկական պարբերականներում։ Նրանց տվյալներով՝ Wikipedia-ի հոդվածների մեծամասնությունը լուրջ սխալներ են պարունակում, գրում է rosbalt.ru-ն։
Հսկայական առցանց հանրագիտարանը հովանավորվում է բարեգործական հիմնադրամի կողմից։ Այժմ կայքում հրապարակված է ավելի քան 30 մլն հոդված՝ 285 լեզուներով։ Յուրաքանչյուրը կարող է խմբագրել և փոխոխել հոդվածների բովանդակությունը, թեև շատ մասնագետներ, օրինակ՝ բժիշկները, կամավոր հիմունքներով ուսումնասիրում և շտկում են գրառումները։
Հայտնի է նաև, որ բժիշկների և ուսանողների մոտ 70%-ն օգտագործում են հանրագիտարանը՝ որպես տեղեկության աղբյուր։
Ամերիկացի 10 մասնագետներ զբաղվել են խնդրով և ուսումնասիրել հոդվածները՝ նվիրված 10 ամենատարածված հիվանդություններին։ Պարզվել է, որ գրառումների 90%-ի դեպքում կան տեղեկություններ, որոնք հակասում են բժշկական վերջին հետազոտություններին։










