Համակարգիչը փոխարինում է մարդկային մի շարք ընդունակությունների, որոնք ուղղակի դեգրադացվում են. ուսուցիչ
Tert.am-ի հետ զրույցում «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթոյանը, պատասխանելով հարցին, թե երեխաները բավարար չափով գիտե՞ն իրենց իրավունքները, ասաց, թե դպրոցում դասավանդվում է «Իրավունք» առարկան, և երեխաները տեղեկացված են ո՛չ միայն իրենց իրավունքների, այլ նաև` ընդհանրապես՝ մարդու իրավունքների մասին:
Արա Աթոյանը աղետալի երևույթ է համարում համակարգչի առջև ժամերով նստելը և երեխաների իրավունքի կոպիտ խախտում է համարում այն, որ ցածր դասարաններում համակարգիչ են կիրառում:
«Դա մի բան է, որ ակնհայտորեն վնաս է երեխայի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջությանը: Նման քայլերի դիմելը երկու բանով կարող է պատճառաբանված լինել՝ կա՛մ բիզնես շահերով, որպեսզի արտադրողի համար մեծ պատվեր ապահովեն, կա՛մ կարող է պայմանավորված լինել անգրագիտությամբ»,-ասաց ուսուցիչը՝ շարունակելով, թե այդ առումով նմանվում ենք այն վայրի ցեղերին, որոնց պսպղուն խաղալիքներ էին ցույց տալիս, և դրա համար իրենք պատրաստ էին ամեն ինչի:
«Այդ պսպղուն խաղալիքների ժամանակն անցել է, և պետք է հասկանալ, որ համակարգիչը շատ բարդ գործիք է, որը պետք է կիրառել ճիշտ ժամանակին և որոշակի տարիքում, երբ կարելի է գիտակցված մոտենալ այդ գործիքի հնարավորություններին: Շատ վտանգավոր է այդ գործիքը կիրառել դրանից շուտ, որովհետև այդ գործիքը փոխարինում է մարդկային մի շարք ընդունակությունների, հետևաբար այդ ընդունակությունները սկսում են ուղղակի դեգրադացվել»,- նշեց Արա Աթոյանը:
Ուսուցչի խոսքով՝ դպրոցում, որտեղ ինքը դասավանդում է, երեխաները շատ վառ են, տեղեկացված են, շատ հետաքրքրված են մշակութային իրադարձություններով և ժամանակակից երիտասարդական մշակույթով: Իսկ թե ինչպիսին է իրավիճակը մյուս դպրոցներում՝ դժվարացավ պատասխանել:










