Չինաստանն արգելափակել է Google-ի ծառայությունների հասանելիությունը
Չինաստանի իշխանություններն արգելափակել են Google ընկերության ծառայությունների մեծ մասի հասանելիությունը։
Հնարավոր չէ մտնել Google-ի գլխավոր էջի արտասահմանյան տարբերակներ, ինչպես նաև օգտագործել Gmail էլեկտրոնային փոստը, որոնողական համակարգն ու ֆոտոալբոմը, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով AFP գործակալությանը, որն էլ վկայակոչում է GreatFire.org կազմակերպությանը, որն անցկացնում է Չինաստանում վեբ-կայքերի արգելափակման մոնիթորինգ:
GreatFire.org-ը նշում է, որ Չինաստանում Google-ից օգտվելը գրեթե անհնար է:
Google-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք ոչ մի ընդհանուր կապ չունեն այդ արգելափակման հետ: Դիտորդները ենթադրում են, որ Չինաստանը համացանցում սահմանափակող միջոցներ է ներդրել՝ հունիսի 4-ին կայանալիք Պեկինի Տյանանմեն հրապարակում բողոքի զանգվածային ցույցի արյունալի ճնշման 25-րդ տարելիցի կապակցությամբ, և չեն բացառում, որ արգելափակումը կգործի երկար ժամանակ։










