Audi-ն հատուկ զբոսաշրջիկների համար ձևափոխել է Q3 քրոսովերը (լուսանկարներ)
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունն Ավստրիայում ներկայացրել է Q3 քրոսովերի զբոսաշրջային տարբերակը, որը ստացել է Camping Tent անվանումը։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, մեքենան համալրվել է քեմփինգի համար նախատեսված փչովի վրանով ու բնության գրկում ժամանակ անցկացնելու համար նախատեսված այլ պարագաներով։

Արտադրողի համաձայն` վրանի ամբողջական տեղադրումը կպահանջի 7 րոպե։ Այն բավական ամուր է և կարողանում է դիմակայել մինչև 70 կմ/ժ արագությամբ քամուն։

Վրանը հնարավոր է տեղադրել ինչպես մեքենայից առանձին, այնպես էլ դրա հետնամասին ամրացված։

Ինչ վերաբերում է Audi Q3 Camping Tent մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 2 լ աշխատանքային ծավալով, 177 ձիաուժ հզորությամբ, քառագլան դիզելային տուրբոշարժիչով։











