Google-ն անձնական տվյալները ջնջելու 41000 դիմում է ստացել եվրոպացիներից

01:14 • 05.06.14

Google խոշորագույն որոնողական համակարգը ավելի քան 41 000 դիմում է ստացել եվրոպացի օգտատերերից՝  իրենց անձնական տվյալները որոնման համակարգից ջնջելու խնդրանքով՝ համապատասխան ծառայության գործարկումից հետո 4 օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ The Financial Times-ին հղումով, որն էլ մեջբերում է տեղեկացված աղբյուրները:


Հատուկ օնլայն ձևաչափը, որում եվրոպացիները կարող են նշել անցանկալի տվյալները, Google-ում հայտնվել է մայիսի 30-ին: The Financial Times-ի տվյալներով՝ ծառայության ի հայտ գալուց հետո առաջին օրերին արդեն օգտատերերը ավելի քան 12000 դիմում էին ուղարկել Google: Դիմումների մեծամասնությունն ստացվել է Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:


Նման քանակով ստացված դիմումները մշակելու համար Google-ին հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նոր աշխատակիցներ վարձել: Ակնկալվում է, որ որոնումից տվյալների ջնջման մասին առաջին պահանջները կբավարարվեն հունիսի կեսերին:

 

Հիշեցնենք, որ որոնողական հսկան այս ծառայությունը թողարկել է Եվրամիության դատարանի որոշմամբ, որը հաստատում է մարդու «Մոռացված լինելու» իրավունքը:
 

Google-ն անձնական տվյալները ջնջելու 41000 դիմում է ստացել եվրոպացիներից