Skype-ի նախկին ղեկավար Թոնի Բեյթսը GoPro-ի նախագահն է դարձել
Skype ծառայության նախկին ղեկավար Թոնի Բեյթսը GoPro տեսախցիկներ արտադրող ընկերության նախագահ է նշանակվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Իր նոր պաշտոնում նա կենթարկվի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկոլաս Վուդմանին: Բացի այդ՝ Բեյթսը տեղ է ստացել GoPro-ի տնօրենների խորհրդում:
Բեյթսը գլխավորել է Skype-ը մինչև Microsoft կորպորացիային այդ ծառայությունը վաճառելը: Որոշ ժամանակ առաջ գործարարը համարվում էր Microsoft-ի ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, նշում է թերթը:
GoPro-ն տեղակայված է Կալիֆոռնիայում և արտադրում է տեսախցիկներ, որոնք հաճախ օգտագործվում են էքստրեմալ սպորտի նկարահանումների ժամանակ: 2013 թվականին ընկերությունը հարյուր երկրներում վաճառել է 3,8 միլիոնից ավելի տեսախցիկ:
Ընկերությունը նաև ունի իր սեփական մեդիաբիզնեսը, որի շրջանակներում GoPro-ն տեսանյութեր է հրապարակում այնպիսի կայքերում, ինչպես YouTube-ը:










