General Motors-ի փոխտնօրենին հեռացրել են աշխատանքից՝ մեքենաների հետկանչից հետո. ԶԼՄ-ներ

09:45 • 06.06.14

Ամերիկյան ավտոհսկա General Motors-ի՝ էկոլոգիական կայունության հարցերով փոխտնօրեն Մայքլ Ռոբինսոնը, վթարային հարվածապաշտպանության հարցերով գլխավոր տնօրեն Գեյ Քենթը և մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։ Պատճառն այրման համակարգում դեֆեկտներով մեքենաների անժամանակյա հետկանչն է եղել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով աղբյուրների։ 

 

Կոնցեռնը նման դեֆեկտով մեքենաները հետ կանչելու մասին հայտարարել էր միայն այս տարվա փետրվարին, չնայած այդ մասին հայտնի էր դեռ 2004-ից: Ընդհանուր առմամբ հետ է կանչվել 2,6 մլն մեքենա: Այդ խնդրի պատճառով ՃՏՊ-ների զոհ է դարձել 13 մարդ:
 

Ավելի վաղ կոնցեռնի ղեկավար Մերի Բարան հայտնել էր, որ անձեռնհասության համար աշխատանքից ազատել է 15 աշխատակցի: Սակայն հրաժարվել էր նշել նրանց անունները:

 

GM-ը հայտարարել է հիմնադրամի ստեղծման մասին, որը փոխհատուցումներ կվճարի դեֆեկտների պատճառով տուժածներին: Փորձագետների գնահատականով ՝փոխհատուցումների ծավալը կարող է կազմել 1,5 մլրդ դոլար: 

General Motors-ի փոխտնօրենին հեռացրել են աշխատանքից՝ մեքենաների հետկանչից հետո. ԶԼՄ-ներ