Հանրությունն արդիականացման մասին տեղեկացվել է նախապես. ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ սպառողներին փոխհատուցում չառաջարկելու մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձագանքել է 2014 թ. հունիսի 6-ին tert.am կայքում զետեղված`«Ինչու՞ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փոխհատուցում չի առաջարկում պատճառած անհարմարությունների համար» խորագրով հրապարակմանը:
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Նախ՝ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել, որ ցանցի` հայտարարված արդիականացման աշխատանքներն ավարտվել են նախապես նշված ժամկետում, գործընթացն անցել է սահուն՝ պլանավորվածի շրջանակներում և նախատեսված աշխատանքներն իրականացվել են ամբողջ ծավալով: Հրապարակման մեջ այլ օպերատորների գործունեությանն առնչվող շեշտադրումը և այսպես կոչված՝ «տեխնիկական խնդիրներին» արձագանքելու հղումը բացարձակապես տեղին չեն, քանի որ տեխնիկական արդիականացումը և տեխնիկական խնդիրները բացարձակապես տարբեր և անհամեմատելի հասկացություններ են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում տեխնիկական ոչ մի խնդիր չի եղել. հանրությունն արդիականացման մասին տեղեկացվել է նախապես: Հայտարարության մեջ հստակ նշված են եղել աշխատանքների իրականացման ամսաթիվը և ժամանակահատվածը, իսկ հայտարարությունը տարածվել է աշխատանքների իրականացումից 2 օր առաջ՝ SMS հաղորդագրությամբ, թերթերի և առցանց լրատվամիջոցների միջոցով: Ընդ որում` նշվել են այն ծառայությունները, որոնցից օգտվելիս հավանական էին անգամ չնչին ընդհատումներ կամ կապի հապաղումներ:
Ցանցի կենտրոնական համակցման համակարգի արդիականացումը հեռահաղորդակցության օպերատորի կողմից պլանավորվող գործողություն է, որի վերջնանպատակը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է: Հնարավորությունների և համակարգերի արդիականացման՝ ծառայություն մատուցողի կողմից իրականացվող աշխատանքների նպատակը առավել բարձր որակի ծառայությունների տրամադրումն է, ինչն աշխարհում լայնորեն տարածված և ընդունված մոտեցում է:
Հավելենք նաև, որ ընկերությունը բաժանորդների կողմից այս կապակցությամբ ոչ մի բողոք չի ստացել»:










