Մշակույթի նախարարությունը պարզաբանում է, թե ինչու Չարենցի տուն-թանգարանում տնօրենի մրցույթ չի իրականացվում
ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում երեք տարուց ավելի տնօրենի մրցույթ չանցկացնելու պատճառն այն է, որ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ (որով սահմանվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (տնօրենների) ընտրության (նշանակման) կարգը) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 5-ը տնօրենի պաշտոնակատարի պաշտոնավարման համար ժամկետային սահմանափակում նախատեսված չի եղել:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Մշակույթի նախարարությունից: Հիշեցնենք, որ Եղիշե Չարենցի թոռնուհին մամուլին տված հարցազրույցում իր տարակուսանքն էր հայտնել այն կապակցությամբ, որ տարիներ շարունակ մրցույթ չի իրականացվում:
Գրության մեջ նշվում է նաև, որ համապատասխան լրացմամբ ՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրա¬յին կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով, սակայն հիշյալ դրույթը տարածվում է միայն 2013 թվականի դեկտեմբերի 5-ից հետո ծագած հարաբերությունների վրա և նախկինում տնօրենի ժամանակավոր պաշտոն զբաղեցնող անձանց վրա չէր տարածվում և « հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»:
Այսինքն՝ տվյալ իրավական ակտով այլ պահանջ նախատեսված չի եղել:
Չարենցի ժառանգը նաև նշել էր, որ տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հակոբյանը այցելուների ներկայությամբ վիճաբանում է աշխատակիցների հետ և այլն:
Գրության մեջ նախարարությունը անդրադարձել էր նաև պաշտոնակատարի անձին, գրելով, որ Լիլիթ Հակոբյանը 1989 թվականից աշխատում է «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն, իսկ 2010 թվականի նոյեմբերի 22-ից` տնօրենի պաշտոնակատար:
Կային նաև դրվատանքի խոսքեր նրա հասցեին, որ նրա ղեկավարության օրոք Եղիշե Չարենցի տուն-թանգարանը քաղաքի լավագույն թանգարաններից մեկն է դարձել , իսկ նրա «աշխատանքային բեղուն և արդյունավետ գործունեության վառ վկայությունը տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ շնորհակալագրերը, պատվոգրերը, պարգևներն ու կոչումներն են»:










