Աշխարհով մեկ քարոզում ենք մեր խավարը. հուշարձանագետը՝ Գառնու տաճարի ֆոնին շարժական ժամանակավոր ռեստորանի մասին
Մեր հայրենիքի ու Հայաստանի պատմշակութային կոթողների ու մեր հիշատակների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով մենք ոչ միայն ցուցադրում ենք մեր խավարը, այլև քարոզում այն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` անդրադառնալով այսօր էլ Գառնու հեթանոսական տաճարի շուրջ սկանդալին, երբ օգտատերը համացանցում տեղադրել էր լուսանկարներ՝ «Համեցեք Գառնի ռեստորան» մեկնաբանությամբ, որտեղ տաճարի համայնապատկերը ծածկված է շարժական բեմով, իսկ դիմացի ամբողջ տարածքում շարժական ռեստորան է կահավորված:
Սամվել Կարապետյանը նկատեց, որ սա տեսնում են Հայաստան այցելած հարյուրավոր զբոսաշրջիկները: «Այսինքն՝ մենք աշխարհով մեկ գովազդում ենք մեր հիշատակների նկատմամբ մեր անհարգանք վերաբերմունքը»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետի խոսքով` Գառնիի տաճարի տարածքում կարող է ինչ-որ կորպորատիվ խնջույք լինել, «նորմալ» է, այսինքն`ոչ թե դիպված է, այլ Հայաստանի պատմամշակութային կոթողների նկատմամբ համատարած վերաբերմունքի մի դրսևորում ևս:
Նա օրինակ բերեց՝ Ավանի միջնադարյան գերեզմանոցը, որը նրա գնահատմամբ, բացառիկ պատմամշակութային կոթող հանդիսանալով, ունի կառավարության կողմից հաստատված գոտի, ամեն օր կորցնում է իր պատմական նշանակությունը՝ թարմ հուղարկավորություններով:
«Վերցնե՛նք Դիլիջանից Սանահին տանող ճանապարհի երկու հատվածները, խոզանոց է»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Tert.am-ի հետ զրույցում «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտարարեց, որ այդ միջոցառումը դիտարկում է որպես պետական, քանի որ այն անցկացրել է Կենտրոնական բանկը՝ որպես կարևորագույն միջոցառում, ինչի համար էլ թույլ է տրվել ժամը 17:00-ից հետո այնտեղ իրականացնել միջոցառում:
«Մենք պայմանագիր ունենք, և, այդ միջոցառումը նվիրված է Հարավարևելյան Եվրոպայի երկրների տարեկան ժողովին: Շուրջ երկու տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ են լինելու, 300-ից ավել այցելուներ Եվրոպայից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի խոսնակ Մերի Շահինյանը։
Նա նկատեց, որ նման հեղինակավոր կազմակերպությունների տարեկան մշակութային համաժողովի անցկացումը նման վայրերում միջազգային պրակտիկա է. «Մենք ստանձնել ենք պարտավորություններ, և հուշարձանին ոչ մի վնաս չի հասցվի, նման մտավախություն կարող է չլինել: Ասեմ նաև, որ մենք «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր ունենք, միջոցառումն իրականացվում է տաճարի ֆոնին, իսկ բեմը հավաքվել է տաճարից շատ ավելի առաջ»:










