Իրանցի կին ռեժիսորը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ BBC-ի հետ համագործակցելու համար
Իրանում մեծ ճանաչում վայելող ռեժիսոր Մահնազ Մոհամմադին, ով նաև կանանց իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստ է, մեղադրվել է Իրանի իշխանությունների դեմ դավադրություն կազմակերպելու համար ու դատապարտվել 5 տարվա ազատազրկման։
Ինչպես նշում է The Guardian-ը, կին ռեժիսորը մասնավորապես մեղադրվել է BBC ընկերության հետ սեփական երկրի դեմ համագործակցելու ու հակաքարոզչություն անելու համար։
Ինքը՝ Մոհամմադին, հերքել է, որ երբևէ համագործակցել է BBC-ի հետ՝ մի կազմակերպության, որն Իրանում ընկալվում է որպես բրիտանական հետախուզության լծակներից մեկը։
«Ես երբեք չեմ աշխատել BBC-ի հետ, և նկարահանածս ֆիլմերից որևէ մեկը չի հեռարձակվել այս ցանցով»,-ասել է ռեժիսորը, ում կարծիքով՝ 5 տարվա ազատազրկման վճիռը կապված է իր գործունեության հետ։










