Խոդորկովսկին բանտային կյանքի մասին գիրք է հրատարակել
Հունիսի 18-ին Գերմանիայում վաճառքի է հանվել «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու «Բանտային մարդիկ» գիրքը՝ գերմաներեն թարգմանված, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Spiegel-Online-ին:
Հավաքածուն հրատարակվել է բեռլինյան Galiani հրատարակչատանը և բաղկացած է ազատազրկման վայրերում Խոդորկովսկուն հանդիպած բանտարկյալների և հսկիչների մասին 21 ակնարկներից:
Այդ ակնարկների մի մասը ռուսերենով հրապարակել է The New Times ամսագիրը:
Միխայիլ Խոդորկովսկին միայն անուղղակիորեն է անդրադարձել իր բանտային կյանքին, բայց հստակ նկարագրում է ռուսական բանտային համակարգը՝ դրան բնորոշ կոռումպացվածությամբ, իրավական կամայականություններով և գրեթե կաֆկայական իռացիոնալությամբ: Հեղինակը եզրակացության է գալիս, որ բանտային համակարգում, ինչպես հայելիում, անդրադարձվում է ռուսական հասարակությունը:











