Այդ սրբավայրը նաև թանգարան է, որը գումարի ու պահպանության կարիք ունի. ճարտարապետը կողմ է հուշարձանները վարձով տալուն

19:38 • 20.06.14

Tert.am-ի հետ զրույցում պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, անդրադառնալով Գառնու և Զվարթնոցի տաճարների հարակից տարածքները կոորպորատիվ միջոցառումների անցկացման համար վարձով տալուն, մեջբերեց հույն փիլիսոփա Սոկրատեսի խոսքը (Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է)՝ նշելով, որ այս երևույթը քննադատողներից շատերն իր ընկերներն են, բայց ճշմարտությունն ավելի թանկ է:

Ճարտարապետը ոչ մի վատ բան չի տեսնում, որ Գառնու տաճարի պահպանության համար 700.000 դրամ գումար է վճարվել. «Ոչ ոք չի խոսում այն մասին, որ պատմական հուշարձանները պահպանման կարիք ունեն, խնամքի կարիք ունեն, իսկ այդ խնամքը էսօր փող արժի՝ ծաղկացնելու, ջրելու, փոշին մաքրելու... ո՞վ է անելու, ո՛չ ոք: Դրա համար այդ միջոցները ցանկալի միջոցներ են: Դրա համար … մեկ էլ կսկսեն ծակ պրոֆեսորները՝ «մեր սրբավայրերը», չգիտեմ ինչ։ Ա՛յ տղա, էդ սրբավայրը թանգարան է, հիշի՛ր»: 


«Հեթանոսները գնում են՝ հարսանիք են անում, իրար են մորթում, ինչո՞ւ ոչ մեկն այդ մասին չի խոսում»,-հավելեց նա։



-Պարո
՛ն Նալբանդյան,  որպես հուշարձաններ վերակագնող ճարտարապետ՝ ի՞նչ կասեք Գառնու և Զվարթնոցի տաճարների այս սկանդալների վերաբերյալ. արդյո՞ք նման միջոցառումները կարելի է դիտարկել որպես վանդալիզմի դրսևորում:


-Ես այն կարծիքին եմ, որ շատ էլ լավ միջոցառում է արվել: Ու ցավն այն է, որ անգամ որոշ մտավորականներ են այդ մասին խոսում ՝անտեղյակ լինելով: Նախ՝ ասեմ, որ աշխարհում այդ փորձը կա: Ցանկացած պատմական հուշարձանի, պատմական թանգարանի միջավայրում բոլորն էլ ամեն ինչ կազմակերպում են: Բազմիցս ականատես եմ եղել, անգամ՝ Լուվրում եմ տեսել, որ ինչ-որ միջոցառում են անում… Եթե տվյալ միջոցառումը չի վնասում տվյալ պատմական հուշարձանը, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Ավելին՝ դա հուշարձանի հանրահռչակման, հուշարձանն ավելի ծանոթանալի դարձնելու ձև է: Էլ չեմ ասում, որ այդ գումարը, որը տրվում է այդ ամեն ինչի համար, կրկին ուղղվում է հուշարձանի պահպանմանը: Օրինակ՝ Զվարթնոցինը ես իմացա ու տեսա, որ շատ հիանալի զուգարաններ են սարքել: Եթե որևիցե մեկը մինչ այդ մտել է այդ զուգարանները, կհասկանա՝ ինչի մասին է խոսքը, այնտեղ այլանդակ զուգարաններ էին:


-Այսինքն՝ կողմ եք, որ նման գումարների հաշվին վերականգնվեն հուշարձանները:


-Ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդիկ մի փոքրիկ միջոցառում են անում, իրենք էլ երկու տկլոր բանվորներին նկարել են, որ մարդիկ գործ են անում, անունը դրել են՝ եսիմ ինչ են անում: Ոչ մի տենց բան էլ չի եղել, ես լավ էլ ծանոթ եմ այդ միջոցառմանը. սիրուն սեղանները գցել են, սուրճ են խմել, թեկուզ մի գավաթ էլ գինի են խմել: Այդ ամենը ի՞նչ է խանգարում, եթե մարդիկ ներդրում են արել տվյալ հուշարձանի պահպանությանը: Այն դեպքում, երբ այսօր քո պետությունը ոչ մի բան չունի: Եվ նույնը վերաբերում է Գառնիին, որում, ի դեպ, 4-րդ տարին է՝ նման միջոցառում է արվում: Ինչու՞ որոշեցին հանկարծ նման աղմուկ բարձրացնել:

Ասեմ նաև, որ Գառնիում նաև լինում են դասական երաժշտության երեկոներ, կամ… հեթանոսները գնում են, հարսանիք են անում, իրար են մորթում, իրար գլխի արյուն են քսում, էդ միջոցառում չէ՞, մեկը ինչո՞ւ չի ասում՝ դու ինչու՞ ես եկել ստեղ՝ կենդանի մորթում, արյուն քսում:

-Ուղղակի ակնհայտ է, որ անհատ զբոսաշրջիկը, որը գնում է Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, տեսնում է, որ այնտեղ միջոցառում է, երկրորդ անգամ գուցե այնտեղ չգնա:


- Դա կազմակերպչական խնդիր է արդեն, ուրեմն մեղավոր է էն կազմակերպիչը, որը նախապես լրատվության միջոցով չի հայտնել, որ այսօր թանգարանը փակ է: Ու որ ասում են՝ «մեր կայքում տեղեկացված է», դա հարցի լուծում չէ, մարդ է, տուրիստ է, եկել է, կայք չի նայում: Դրա համար հեռուստատեսությամբ, թերթերով նախապես պետք է ասել, որ էսօր փակ է: Դա է սխալը եղել:

Եթե գործող տաճարներ լինեին դրանք, ես Ձեզ այլ բան կասեի: Տոմսով թանգարան է։ Էդ հեթանոսները, որ խոսում են, թող, նախևառաջ, տոմսի հարցը լուծեն, ասեն՝ մեր տաճարն ինչո՞ւ է տոմսով, հետո նոր անցնեն մյուս հարցին:

Պարզապես կազմակերպչական հարց է, որ չի տեղեկացվել, թե ինչու է փակ այդ օրը: Օրինակ՝ պատմության թանգարանում ֆրեսկոների սրահում միջոցառում է լինում, այն փակվում է: Այնպես որ՝ կարծում եմ՝ ոչ մի սխալ բան չի եղել, նույնիսկ ավելի լավ է եղել, ի՞նչ վատ բան է եղել, եթե Գառնու տաճարի համար 700.000 դրամ փող է մուծվել, և զուգարանները սարքվել են: Էսօր մեր ո՞ր հուշարձանն է պահպանվում, Մայր աթոռին տվել ենք, էլի չեն պահպանում, էլի մնացել են պետության հույսին, որ «էս քարը կպցնենք, էս խոտը մաքրենք»:

Ու էդ ասողներից մեկը թող գա Գառնու տարածքը մաքրի: Խոսացողներ են, էլի, սրճարան չի կարելի, ռեստորան չի կարելի… Լավ, ինչո՞ւ չի կարելի, գնացեք Փարիզ, տեսեք բոլոր տաճարների կողքը ռեստորան ու սրճարան է, բայց դրանք ժամանակավոր կառույցներ են, տեղադրվում են, հանվում: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ պատմական հուշարձանները պահպանման կարիք ունեն, խնամքի կարիք ունեն, իսկ այդ խնամքը էսօր փող արժի՝ ծաղկացնելու, ջրելու, փոշին մաքրելու, ո՞վ է անելու: Ոչ ոք, դրա համար այդ միջոցները ցանկալի միջոցներ են: Դրա համար… մեկ էլ կսկսեն՝ «մեր սրբավայրերը», չգիտեմ ինչ։ Ա՛յ տղա, էդ սրբավայրը թանգարան է, հիշի՛ր»:

 

 

 

 

Այդ սրբավայրը նաև թանգարան է, որը գումարի ու պահպանության կարիք ունի. ճարտարապետը կողմ է հուշարձանները վարձով տալուն