Ամփոփվեց 17-26 տարեկան կինովավերագրողների մրցույթի արդյունքները. հաղթողները 3-ն են
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հայտարարեց երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողների անունները՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինամատոգրաֆիա» անվանակարգերում:
Մրցանակաբաշխությունից հետո ցուցադրվեցին նաև հաղթող ֆիլմերը, իսկ հեղինակները ստացան HD տեսախցիկների, «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին նաև շնորհվեց Ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակցության վկայագիր:
Արամ Կիրակոսյանի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն պատմություն» անվանակարգում: Լավագույն կինեմատոգրաֆ անվանակարգում հաղթող ճանաչվեց Ավետիս Ավետիսյանի «Իմ տնից սկսվող հայրենիքը» ֆիլմը: Իսկ «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց Սոնա և Նարինե Քոչարյանների ֆիլմը:
Նշենք, որ երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է՝ ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակում:
Ծրագիրը 17-26 տարեկան երիտասարդ կինոարտադրողներին հրավիրել է պատրաստել վավերագրական ֆիլմեր, որոնցում անդրադարձ է կատարվել Հայաստանում առկա սոցիալ–տնտեսական կամ քաղաքական որևէ հարցի:
Ծրագրի ներքո հունվար-մարտ ամիսներին անցկացվել են մի շարք դասընթացներ միջազգային ու տեղական փորձառու մասնագետների կողմից, ապա երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվել է ներկայացնել իրենց ֆիլմերը՝ մասնակցելու մրցութային փուլին: Ներկայացված 28 ֆիլմերից միջազգային ժյուրին ընտրել է երեք վավերագրական կարճամետրաժ ֆիլմերը:










