«Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերի շրջանակներում կներկայացվի մոտ 100 ֆիլմ
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր ներկայացվեցին այս տարվա փառատոնի արտամրցութային բաժնում ներկայացված ավանդական ծրագրերը՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաև «Հայեր՝ հայացք ներսից և դրսից» և այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո» խորագրի ներքո կայացող «Լեհական ֆիլմերի ծրագիր», «Ուկրաինական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագրերը: Կներկայացվի մոտ հարյուր ֆիլմ:
«Փորձում ենք համեստ լինել, բայց հենց հերթը հասնում է արտամրցութային ծրագրերին, համեստությունը նվազում է, մտածում ենք՝ ոնց ենք ցույց տալու այդքան ֆիլմը փոքր թվով դահլիճներում»,-ասուլիսին ասաց «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Նա նաև նշեց, որ բոլոր ծրագրերն ինչ-որ կերպ կապ ունեն Փարաջանովի հետ, և նրա պատվին ներկայացնում են «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրը, քանի որ Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց կինոյի այս ժանրը. «Հիմա մենք ուզում ենք անդրադառնալ ուկրաինական կինոյի այդ ոսկե դարին»:
«Այն ֆիլմերը, որոնք չեն մտնում «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի մեջ, մենք անպայման փորձում ենք ցույց տալ հանդիսատեսին, դրա համար մենք այդ ձևը գտանք՝ «Հայեր՝ հայացք ներսից և դրսից»: Մենք արդեն սկսել ենք հայկական ֆիլմերի ցուցադրությունը լրագրողների համար»,-ավելացրեց փառատոնի ծրագրերի տնօրենը:
Երևանյան պրեմիերաների ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղություն ստացած մի շարք ֆիլմեր: Ծրագիրը կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն» (ռեժ.՝ Նուրի Բելգի Ջեյլան, Թուրքիա, 2014) ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սևածուխ, բարակ սառույց» ֆիլմը: Կներկայացվեն նաև երկու վավերագրական ֆիլմեր, որոնցից Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմն է՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն:
Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվեն համաշխարհային մեծության հինգ ռեժիսորների ֆիլմերի ընտրանի՝ Սերգեյ Փարաջանով, Կիմ Կի-դուկի, Ցզյա Չժան-կերի, Օթար Իոսելիանի, Ամոս Գիտա:
«Ոսկե ծիրան» Երևանի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ այն բոլոր ռեժիսորների անունները, որոնք թվարկվեցին, իսկապես ընտրանի է այսօրվա ժամանակակից համաշխարհային կինոյի: «Մենք արդեն թվարկված ֆիլմերով մեծ տոն ենք մատուցում Երևանին և հանդիսատեսին: Ամեն մի ֆիլմ Հայաստան բերելը մեծ դժվարություն է, բայց մեզ հաջողվում է»,-ասաց նա:
Վերջինս նաև ներկայացրեց, որ այս տարի փառատոնի շրջանակներում ունենալու են մի փոքր ծրագիր՝ «Ժամանակակից գերմանական կինո», և այս տարվա համագործակցությունը նշանավորվելու է նոր գերմանական կինոյով:
Շարունակելով ներկայացնել՝ Սուսաննա Հարությունյանն ավելացրեց. «Ֆիլմեր առանց սահմանի ծրագիրն արդեն երրորդ անգամ է անցկացվում ծրագրի շրջանակներում, այն ներառում է տարածաշրջանի երկրների լավագույն վավերագրական և խաղարկային ֆիլմեր»:










