Երևանում այսօր կմեկնարկի ‹‹Ֆրեսկո›› կինոփառատոնը
Երևանի Կարապի լճի տարածքում այսօր՝ ժամը 20.00-ին կմեկնարկի ‹‹Ֆրեսկո›› արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի բացման և ընթացքի մասին առավել մանրամասն խոսվեց այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ժամանակ։
Փառատոնի կազմակերպիչներից Մանե Ղարագուլյանը տեղեկացրեց, որ շուրջ չորս հարյուր ֆիլմից ընտրվել է 57-ը, որից 21-ը մրցութային են: Ֆիլմերը երեկոյան ժամերին ցուցադրվելու են Կարապի լճի տարածքում, իսկ օրվա շոգ ժամերին Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում։
‹‹Ֆիլմերը տարբեր երկրներից են, ուստի ֆիլմեր ունենք նաև այլ կրոնական ուղղվածության երկրներից: Հարևան պետություններից առավել շատ հայտ է գրանցել Իրանը: Յուրաքանչյուր դիտմանը կհետևի քննարկում: Իսկ մուտքն ազատ է››,– ասաց նա:
Փառատոնի մեկ այլ կազմակերպիչ Շահեն Նազարյանը պատմում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փառատոնին ցուցաբերել է աջակցություն. այնտեղ ցուցադրվելու են ծրագրում ընդգրկված երկու ֆիլմ, որոնցից ‹‹Հոգիների աճուրդ›› հոլիվուդյան ժապավենը Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմ է: Այս հատուկ ծրագիրը կմեկնարկի հունիսի 23-ին՝ 11:00-ին:
Ասուլիսի բանախոսներից Տեր Եսայի քահանայի կարծիքով` սա ոչ թե կրոնական երկխոսության հարթակ է, այլ` կրոնական հանդուրժողականության.‹‹Սա քննարկման փառատոն է, առիթ` ծանոթանալու լավ ռեժիսորների արվեստին, լավ ֆիլմերին, հետաքրքիր գաղափարներին››:
Փառատոնի մեկնարկը կլուսավորեն երկու հազար մոմեր` պատրաստված «Ֆրեսկոյի» կամավորների կողմից: Մոմերը կօծվեն Էջմիածնում, ապա կտեղափոխվեն Երևան ու հանդիսատեսին կբաժանվեն աղոթքների հետ միասին` որպես հուշանվեր:
Բացման արարողության ժամանակ ներկայացվելու է նաև կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ‹‹Մեծ հեքիաթ›› ստեղծագործությունը` հատուկ գրված փառատոնի համար: Այն ներկայացնելու ժամանակ բեմ կբարձրանան լսողության խնդիրներ ունեցող երիտասարդներ, ովքեր ժեստերի օգնությամբ կմեկնաբանեն երգի բովանդակությունը:
Իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն ոչ միայն փառատոնի ժյուրիի անդամ է, այլև ` փառատոնում ընդգրկված է որպես մասնակից ֆիլմի ռեժիսոր: Նրա կարծիքով՝ հրաշալի է, որ ֆիլմերը դիտելուց հետո հնարավորություն կա դրանք քննարկելու։ Նա նշեց, որ կրոնական պատկանելությունը առաջնային չէ, քանի որ նախ և առաջ բոլորս մարդ ենք: «Ֆիլմիս թեմաներն ու գաղափարախոսությունը համամարդկային են` սիրո ու խաղաղության մասին է››,– ասաց նա:
Երևանյան դիտումներին հաջորդելու են կինոճամբարները` Օձունի և Ախթալայի եկեղեցիներում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու եկեղեցիների ճարտարապետությանը, տեղի բնակիչների ապրելակերպին:
Կազմակերպիչները կարծում են, որ փառատոնը կլինի շարունակական:










